Սպանված մարզիկ Բոլյանը «Մասիվցի Անդիկի» սպանության գործում ներգրավված չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Մոսկվայում օրեր առաջ սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը որևէ կարգավիճակ չի ունեցել «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության քրեական գործով: 24News-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։ Վերջինս ընդգծեց, որ նշված անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ։

«Քննչական կոմիտեն արունակում է  ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ  Աշոտ Բոլյանի սպանությունից հետո մամուլում լուրեր տարածվեցին, թե հենց նա էր կազմակերպել Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։