Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Սինանյան

Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սկսել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպումով: Հանդիպմանը մասնակցել են միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռթի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Գլխավոր հանձնակատարը ողջունել է ներկաներին և իր ուրախությունը հայտնել ծանոթության առթիվ:

«Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք ունենք՝ մեծ ներուժով և հնարավորություններով, որը պետք է սերտ համագործակցության միջոցով հնարավորինս իրացնել և միասին աշխատել: Հայ համայնքն իրոք գործուն է, դինամիկ»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Վիլեն Շատվորյանը ներկայացրել է համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը հայ համայնքի ներսում, ինչպես նաև կարևորել է հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: «Այստեղ «ոսկի» երիտասարդություն ունենք՝ հետաքրքիր ու ակտիվ, նրանք ամբողջապես մասնակցում են համայնքային կյանքին, և  մենք էլ շահագրգռված ենք նպաստելու սերնդափոխությանը»,-նշել է միության ղեկավարը:

Նա հավելել է նաև, որ Ուկրաինայի բազմահազարանոց հայ համայնքն իրոք ահռելի չիրացված ներուժ ունի, և հանձնակատարի այս այցը նոր, ավելի սերտ համաբերությունների մեկնարկի խոսուն ազդակ է: «Պատրաստ ենք համագործակցության, պարզապես պետք է ճիշտ ձևաչափ մշակել: Համայնք իրոք համախմբված ու միասնական է, և մենք փորձում ենք առավելագույնս օգտակար լինել Հայաստանին»,-ընդգծել է Վիլեն Շատվորյանը:

Միության անդամները մանրամասնորեն ներկայացրել է ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնել: