Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Մովսես Հակոբյան

ՀՀ վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից։  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Մովսես Հակոբյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է, ծնվել է 1965 թվականի փետրվարի 4-ին:

1982 թ. ընդունվել է Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը՝ «Հրամանատարական, մարտավարական, թրթուրավոր և անվավոր մեքենաներ» մասնագիտությամբ։

2002 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան

1988-92 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում, որպես վաշտի հրամանատար:

1992-94 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

1992-1999 թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:

1999 թ. սեպտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ,

2000 թ. փետրվարին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:

2000 թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2001 թ. օգոստոսից 2002թ. հունիսը սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:

2002 թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:

2007 թ. մայիսին նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:

2007 թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2015 թ. հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:

2015 թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

2016 թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ

Մովսես Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով:

2002 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով և «Զինվոր ինտերնացիոնալիստին` երախտապարտ աֆղան ժողովրդից» մեդալով:

Մովսես Հակոբյանը Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի և Ֆիզուլու ուղղություններով մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Ծանր մարտերում երեք անգամ վիրավորվել է։