Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը դրա մեջ չէր․ «Լույս»-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

«Մենք այն գծից, որ որդեգրել ենք 2017 թվականին, երբ մեր քաղաքապետի թեկնածուն եղել է Նիկոլ Փաշինյանը, չենք շեղվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա ասելով՝ ժամանակին իրենք, այդ թվում՝ Փաշինյանը, մեղադրում էին, որ Երեւանի նստարանները կարելի է ձեռք բերել 65-70 հազար դրամով եւ, որ Տարոն Մարգարյանն «իրենով է անում նստարանների ատկատը»:

Ավագանու անդամի տեղեկացմամբ՝ այդ նստարաններն այս տարի ձեռք ենք բերել ոչ թե 160 հազար դրամով, ինչպես առաջ, այլ 164 հազար դրամով: «Այսինքն եթե Տարոն Մարգարյանը կոռուպցիոն դրսեւորումների մեջ էր, ինչու են այդ նստարանները ձեռք բերվում նույն գնով, անգամ ավելի թանկ: Կարելի է Պետական վերահսկողության ծառայությունն ուղարկել եւ ստուգել բոլոր փաստաթղթերը: Եթե այդտեղ կոռուպցիա չկա, ներողություն խնդրեն Տարոն Մարգարյանից, այդ թվում նաեւ պարոն Փաշինյանը։ Կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»,- եզրափակեց իր միտքը «Լույս»-ի անդամը։