Հայ պատգամավորներն ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

ԱՄՆ

Միացյալ Նահանգների Open World` «Բաց Աշխարհ» պետական գործակալության նախաձեռնությամբ ԱՄՆ-ի միջոցներով Հայաստանից Միացյալ Նահանգներ է հրավիրվել երիտասարդ հայ պատգամավորների խումբ՝ ամերիկյան փորձին ծանոթանալու նպատակով: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի խորհրդարանի երեք ուժերը ներկայացնող պատգամավորները արդեն իսկ հանդիպումներ են անցկացրել Կոնգրեսի իրենց գործընկերների հետ: Գրել է «Ամերիկայի ձայնը»։

«Նրանցից ոմանք հատուկ հպարտությամբ նշում էին, որ իրենք այն 405 կոնգրեսականներից են, որ կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւի օգտին», - Տաթեւիկ Գասպարյանի խոսքով, Կոնգրեսում անցած քննարկումների արդյունքում ակնհայտ է՝ երկու կողմերն էլ հետաքրքրված են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ.

«Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվեցին միանգամայն այլ մակարդակի վրա եւ դրա վառ ապացույցն էր 296 բանաձեւի ընդունումը»:

Լիլիթ Ստեփանյանն ավելացնում է՝ «Բաց Աշխարհ» ծրագիրը հնարավորություն է տալիս ֆորմալ եւ ոչ ֆորմալ հանդիպումների եւ քննարկումների միջոցով ծանոթանալ ԱՄՆ-ի մշակութային դիմագծին: Ծրագրի շրջանակներում հայ խորհրդարանականները շուրջ մեկ շաբաթ անց են կացնելու նաեւ Նյու Յորք նահանգի Ալբանի քաղաքում, որտեղ բնակվելու են ամերիկյան ընտանիքներում, քննարկումներ անցկացնելու տեղի ինքնակառավարման մարմիններում.

«Ինձ հետաքրքրում է Ամերիկայի կրթական ոլորտը, համայնքների համաչափ զարգացման խնդիրները»:

«Ամերիկյան, եվրոպական փորձը ինստիտուտների կայացման առումով մեզ համար շատ կարեւոր է», - Շաքե Իսայանը միեւնույն ժամանակ ընդգծում է՝ հաջողության համար կարեւոր է Միացյալ Նահանգների դրական փորձը համադրել Հայաստանի մշակույթի հետ.

«Առաջնային խնդիրը, որ ես տեսնում եմ, իսկապես հզոր ինստիտուտների կայացումն է»:

Հատկանշական է, որ ծրագրին մասնակցող բոլոր հայ խորհրդարանականները կանայք են: Անի Սամսոնյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտում կանանց դերի բարձրացումն ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ հասարակության շրջանում փոփոխությունների արդյունք է: Պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլերը կատարել է, այժմ քայլ պետք է անեն հենց կանայք, համոզված է Սամսոնյանը.

«Կին քաղաքական գործիչները պետք է իրենք իրենց աշխատանքով քաղաքականությունը դարձնեն գրավիչ»:

Ընտանիքի դերը կնոջ առաջընթացի հարցում նույնպես չափազանց կարեւոր է, ընդգծում է Հայաստանի խորհրդարանի առավել երիտասարդ պատգամավորներից մեկը՝ Նոռա Առուստամյանը.

«Իմ դեպքում եւ ՀՀ շատ կանանց դեպքում ընտանիքի աջակցությունը շատ կարեւոր է, որովհետեւ, հատկապես երեխա ունեցող կանանց համար առաջնային է, որ երեխայի դաստիարակությունը չտուժի»:

Առուստամյանն, ով զույգ տղաների մայր է, ընդգծում է՝ Հայաստանի պետական մարմիններում կանանց ներգրավումն ակնհայտ առաջընթաց է ապրում, չնայած, որ աճի տեղ դեռեւս շատ կա:

Նախկինում «Բաց Աշխարհ» ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգներ փորձի փոխանակման համար Հայաստանից բազմաթիվ ոլորտների առաջնորդներ են հրավիրվել, սակայն սա Հայաստանի խորհրդարանականների առաջին նման խումբն է: Ծրագրի մասնակիցների խոսքով, ԱՄՆ-ում ձեռք բերված գործնական գիտելիքներն իրենք հույս ունեն օգտագործել հանուն Հայաստանի զարգացման:

«Դրական միտումներով գնում ենք առաջ», - նշում է Նոռա Առուստամյանը: