Ալավերդիում կատարված գողությունների համար 3 հոգու մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում կատարված գողությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երեք բնակչի:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 20-ամյա բնակիչը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով համաքաղաքացիների հետ՝ ծնված 1990 և 1998թթ., 2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ապօրինի մուտք գործելով նույն քաղաքի բնակիչների այգիներ, հափշտակել են օղի թորելու համար նախատեսված պղնձի կաթսաներ՝ իրենց կափարիչներով՝ նշված քաղաքացիներին պատճառելով զգալի չափերով վնաս: Բացի այդ, նոյեմբեր ամսին կատարած  հափշտակությունից անմիջապես հետո 21-ամյա երիտասարդը օղի թորելու համար նախատեսված պղնձի կաթսան տեղափոխել է Վանաձոր քաղաք և իրացրել՝ այդ կերպ օժանդակելով համաքաղաքացիների կողմից կատարված հափշտակությանը:

Բացի այդ, 21-ամյա երիտասարդը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Ալավերդի քաղաքի անչափահաս բնակչի հետ՝ ծնված 2002թ., վերջինիս պարտքի գումարը հափշտակություն կատարելու միջոցով մարելու և այդ կերպ նրա մոտ շահադիտական շարժառիթներ առաջացնելու եղանակով նրան հանցանքի կատարմանը ներգրավելով, 2019թ. հունվարի սկզբներին, ապօրինի մուտք գործելով Ալավերդի քաղաքի բնակչուհու առանձնատան լոգարան, հափշտակել են էլեկտրական ջրատաքացուցիչ սարքը՝ իր ցնցուղով՝ պատճառելով զգալի չափերի վնաս:
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաք 20-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 21-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ալավերդի քաղաքի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ծնողների հսկողության հանձնելը:

Որոշում է կայացվել՝ անմեղսունակության վիճակում գտնվող՝ Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: