Պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման հարցում ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական»,- նշվում է հայտարարության մեջ:

«ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին դադարեցնել բնակարանաշինության հետ կապված ցանկացած գործունեություն իր՝ որպես օկուպացնող տերության պարտավորություններին համապատասխան»,- ընդգծել է Մոգերինին:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:

Իսրայելում ողջունել են սույն որոշումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չէ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: