Արցախը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

դավիթ

Արցախի Հանրապետությունը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։ Գրառումը՝ ստորև․

«Նոյեմբերի 19-ին ես անչափ հետաքրքիր եւ կարեւոր բանավեճ եմ ունեցել Սոմալիլենդի նշանավոր քաղաքական գործիչ Ֆաթիմա Իբրահիմի հետ:

Սա Արցախի եւ Սոմալիլենդի միջեւ առաջին քաղաքական շփումն է: Մենք խոսել ենք տարբեր թեմաներից, մասնավորապես՝ երկու պետությունների պատմության, աշխարհաքաղաքական միտումների, պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքականության մասին։

Սոմալիլենդը շատ հետաքրքիր երկիր է: Ինչպես և մեր պետությունը, Սոմալիլենդը գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական շահերի էպիկենտրոնում է: Այստեղ խաչվում են ԱՄՆ, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, Եթովպիայի, Արաբական աշխարհի, Իսրայելի եւ այլ երկրների ռազմավարական շահերը: Արցախի Պահպանողական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս քաղաքակիրթ երկխոսության համատեքստում այսպիսի բանավեճերին: Քաղաքակրթությունների բախման փոխարեն, մենք բոլորս պետք է ձգտենք երկխոսության, որի հիմքում պետք է դրվեն այնպիսի սկզբունքներ, ինչպես փոխադարձ հարգանքը, հավասարությունն ու համագործակցությունը: Բանավեճն անչափ օգտակար էր եւ պարբերական բնույթ կկրի, ինչի մասին հանրությանը կտեղեկացնենք»,- նշել է Դավիթ Բաբայանը: