Կենտրոնի ոստիկանները հայտնաբերեցին բնակարանից գողություն արած կնոջը․ նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Նոյեմբերի 17-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար:

Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա մի բնակչուհի:

Նոյեմբերի 18-ի առավոտյան բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, և խոստովանեց կատարածը:
Հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: