Կոռուպցիոն սխեմաների մասին զեկուցվել է Սարհատ Պետրոսյանին, բայց նա ընթացք չի տվել․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

«Միակ հավելյալ տեղեկությունը, որ կարող եմ տալ, այն է, որ Ավետիք Էլոյանը դիմել է դատարան»,- անդրադառնալով իր խորհրդական Ավելիք Էլոյանի եւ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի միջեւ առկա հակամարտությանը՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Կոնկրետ չգիտեմ՝ ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ, որ զրպարտության հետ կապված»,-ասաց նա:

«Հիմա մի ժամանակաշրջան է, երբ բոլորն անում են տարատեսակ հայտարարություններ: Պետք է հասկանալ, թե այդ հայտարարություններն ինչ նպատակներով են արվում: Նույն պարոն Սարհատ Պետրոսյանի հրաժարականից հետո ես ստանում եմ նամակ Կադաստրի կոմիտեի վարչության պետերից մեկից, որտեղ նա խոսում է 2 տասնյակից ավելի կոռուպցիոն սխեմաների մասին, որը զեկուցվել է պարոն Պետրոսյանին եւ պարոն Պետրոսյանը ըստ այդ նամակի, չի տվել ընթացք:

Հիմա պետք է հասկանալ, թե ինչպես վերաբերվել նման հայտարարություններին: Կարծում եմ՝ պետք է հանգիստ վերաբերվել, կտրուկ շարժումներ չանել, վերլուծել, հասկանալ, նաեւ հասկանալ տողատակերը: Որովհետեւ այն վարչությունը, որի պետն այդ նամակն ինձ ուղղել է, շուտով փակվելու է: Ուզում եմ ասել՝ բոլոր հայտարարությունների մեջ պետք չի միայն բուն հայտարարությանն ուշադրություն դարձնել, այլ նաեւ հասկանալ մոտիվները, թե ինչու է դա արվում»,-հայտարարեց Ավինյանը:

Հարցին՝ քանի ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում Էլոյանի եղբոր ընկերությունում, մտավախություն չկա՞, որ կբացահայտվեն որոշակի կոռուպցիոն կապեր, Ավինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որեւէ գործընթաց, որ տեղի է ունենում, պետք է լինի օրենքին համահունչ: Եթե կան անձինք, որ խախտել են օրենքը, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում կամ ինչ հարաբերությունների մեջ են ներկա պաշտոնյաների հետ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»: