ԱՊՀ ԱԽ քարտուղարները կքննարկեն երկրների ներքին գործերին ամերիկյան միջամտությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Այսօր Մոսկվայում ամենամյա հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն ինքնիշխան պետությունների ներքին գործերին ամերիկյան միջամտությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Օրակարգում ներառված են ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության ակտուալ հարցեր, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների գծով միջազգային համագործակցության հարցերը: «Նիստի ընթացքում ծրագրվում է քննարկել գլոբալ անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը վերաբերող թեմաներ: Մասնավորապես, ենթադրվում է քննարկել միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացելով նիստը՝ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ հանդիպման մասնակիցները կմշակեն առկա խնդիրների լուծման համատեղ մոտեցումներ: Նա նաեւ ասել է, որ 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ընթացքում մշակված միջոցները թույլ են տվել զգալի ազդակ հաղորդել ահաբեկչական կազմակերպությունների մասին վերլուծական տեղեկատվության փոխանակման կազմակերպման աշխատանքներին:

Մոսկվայում ամենամյա հանդիպմանը մասնակցում են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասը, Ղազախստանի ԱԽ քարտուղար, նախագահի օգնական Կալմուհանբեթ Քասիմովը, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Դամիր Սագինբաեւը, Մոլդավիայի պաշտպանության նախարար եւ ԱԽ քարտուղար Վիկտոր Գայչուկը, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Մահմադալի Վատանզոդան եւ Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովը:

Բացի այդ, նիստին հրավիրված են Սերբիայի ներքին գործերի նախարար, կառավարության ղեկավարի տեղակալ Նեբոյշա Ստեֆանովիչն ու Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլահ Մոհիբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: