Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի տնօրենի յուրացումներից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակություն

Նոյեմբերի 19–ին տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն, 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի վերաբերյալ, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, նոր մանրամասներ են ի հայտ եկել տիկին տնօրենի կողմից նոր յուրացումներ կատարելու փաստով:

Պարզվել է, որ նա 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին նույն դպրոցում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Ռուզաննա Պապեյանին հրամանագրել է որպես պահակ մինչև այս տարվա ապրիլի 1-ը:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Ռ. Պապեյանը փաստացի աշխատանքի չի հաճախել, աշխատանքային իր պարտականությունները չի կատարել, իսկ նրա անվամբ դուրս գրված շուրջ 2 մլն 700 հազար դրամ աշխատավարձը տնօրեն Ն. Հովհաննիսյանը յուրացրել է:

Վարդենիսի ոստիկանները պարզել են նաև, որ 2017 թ.-ի նոյեմբերին տնօրենը նույն դպրոցում 24-ամյա Վարդան Ասոյանին հրամանագրել է որպես կաթսայատան օպերատոր, սակայն Վ. Ասոյանը 2017 թ.-ի նոյեմբեր ամսից մինչև այս տարվա մայիսի 1-ը փաստացի աշխատանքի չի հաճախել, իր պարտականությունները չի կատարել, սակայն տնօրեն Ն. Հովհաննիսյանը նրա անվամբ դուրս է գրել շուրջ 360 հազար աշխտավարձ և այն յուրացրել:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ Վ. Ասոյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: