Յոլա գնալու տրամաբանություն թույլ չենք տա ՀՀ-ի ոչ մի ոլորտում․ Փաշինյանը՝ Ս․ Ղազար կղզում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Նիկոլ

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին՝ նախ հայտարարելով, որ Հայաստանի ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն՝ խոսելու հայ ժողովրդի անունից։

«Ազգային օրակարգի մեծ վերնագրի ներքո շատ երկար ժամանակ ՀՀ-ում հաստատվել են կոռուպցիոն կարգեր։ Դա է պատճառը, որ մեր ազգային օրակարգն ընկալելի չէ նրանց ազգային օրակարգի համար։ Ազգային օրակարգը, ցավոք սրտի, երկար տարիներ եղել է հարմար տանիք մենաշնորհներ հաստատելու, կոռուպցիոն հարստություններ կուտակելու, կուսակցական համակարգեր մտցնելու, այդ թվում՝ կրթական համակարգում, կրթական համակարգի որակը գցելու (խմբ․՝ համար) այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում գրեթե փոքր բացառություններով չկա ոչ միայն մրցունակ բուհ, այլև մրցունակ ֆակուլտետներ։

Ցավոք, այսօր բոլոր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Առավել ևս Սուրբ Ղազար կղզում այդ ասելիքը շատ կարևոր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ կրթությունը գիտությունը շատ կարևոր են մեր ազգային ինքնության համար, և որ մենք երբևէ չպետք է համաձայնենք գտնվել կրթության, գիտության հենտախորշերում։

«Յոլա գնալու տրամաբանություն թույլ չենք տալու ՀՀ-ի ոչ մի ոլորտում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։