Թուրքիան դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

.

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել և դատապարտել Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի կողմից կառուցված բնակավայրերի մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հնչեցրած արտահայտությունները: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն անօրինական չի համարում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող (պաղեստինյան-խմբ.) տարածքներում հրեական կառավարության կողմից հիմնված բնակավայրերը:

Թուրքական կողմի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ի կառավարությունը, որը Երուսաղեմի ու Գոլանի բարձունքների վերաբերյալ իր ձևակերպումներով դուրս եկավ ողջ միջազգային հանրության դեմ, այս անգամ էլ Արևմտյան ափում կառուցված բնակավայրերի անօրինական չլինելու մասին պնդումներով Իսրայելի ապօրինի գործողություններն արդարացնելու հերթական հանդուգն ու օրենք չճանաչող դիրքորոշումն է արտահայտում»:

Նշվում է, որ Պոմպեոյի հայտարարությունը ակնհայտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը ու խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Ըստ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ այդ իրավունքը չի կարող փոխվել մի երկրի քմահաճ ձևակերպումներով:  

«Թուրքիան միջազգային հանրության պատասխանատվության զգացում ունեցող բոլոր անդամների հետ միասին շարունակելու է  պաշտպանել Պաղեստին պետության անկախությունը ու Պաղեստինի եղբայրական ժողովրդի իրավունքները»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: