Կարո Փայլանի մասնակցությամբ միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության 2020թ. բյուջեի նախագծի քննարկումը:  Նախքան նախագծի քննարկումը, միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և ընդդիմադիր պատգամավորների միջև. գրում է ermenihaber-ը: Սուլեյման Սոյլուն, երբ մտել է դահլիճ, սեղմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների ձեռքը՝ անտեսելով ընդդիմադիր պատգամավորներին:

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադառնալով դրան ասել է, որ  ներքին գործերի նախարարի այդ պահվածքն անհարգալից վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ: Մեջլիսի պետական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նախագահն իր հերթին Սոյլուի այդ քայլը հիմնավորել է նրանով, որ երբ վերջինս ներս է մտել, ընդդիմադիր պատգամորները ոտքի չեն կանգնել: Կարո Փայլանը բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած իր ելույթում Սոյլուին նմանեցրել է նացիստական Գերմանիայի  գաղտնի ոստիկանության ղեկավարներից Հիմլերի հետ: «Ոչ ոք հիմա լավ ձևով չի հիշում Հիմլերի կերպարը:

Սույլեյման Սոյլուն կարծում է, թե ինքը բռնապետական ռեժիմ է հիմնելու և լռեցնելու է բոլորին: Դրանից հետո ասելու է. «Բոլորն ինձ լավ ձևով են հիշելու»: Ոչ իհարկե: Ոչ ոք քո կերպարը լավ ձևով չի հիշելու»,-շեշտել է Փայլանը: Ընդդիմադիր, իսլամական ուղղվածության  «Երջանկություն» կուսակցության պատգամավոր Իսլամը Սոյլուին ասել է, որ Թուրքիայում այն մարդկանց, որոնց լռեցնել չեն կարողանում, բանտարկում են և «դավաճան» անվանում: Ի պատասխան Իսլամին` Սոյլուն նրան «դավաճան» է անվանել: Վիճաբանությանը միջամտել են նաև աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության, AKP-ի և ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները: