Սպիտակի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատումներ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

 

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։
Սպտակ-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Լոռու Մրաց գյուղի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու վարած «ֆորդը», որը բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Լոռու Եղեգնուտ գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը ևս բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Սպիտակ-Վանձոր ճանապարհից։ «Զիլ»-ը բարձված էր մոտ 8 խմ փայտանյութով, որի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել։

Դեպքերի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։