Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Նոյեմբերի 21-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Արմեն Ղուկասյանը կարևորեց ինչպես երկու պետությունների իրավապահների, այնպես էլ Հայաստանի ոստիկանության ու Եվրոպական միության միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ որպես օրինակ ներկայացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ հետ իրականացված զգալի աշխատանքները։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հետաքրքրվեցին Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներով։
Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում մշակվող զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև պարեկային շարժական ծառայության հիմնադրման և օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ կարևորելով այդ գործում ՀՀ կառավարության կողմից և Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում նախաձեռնած փորձագիտական վերլուծությունը, նաև անդրադառձավ Լեհաստանի ՆԳՆ Շիտնոյի և Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի համագործակցությանը։

Ուրվագծելով համագործակցության հետագա ուղղությունները՝ պատվիակության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին` Լեհաստանի լավագույն փորձի կիրառմամբ:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։