Մատվիենկոն կարևորել է ԼՂ հարցում կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Մատվիենկո

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով երկու երկրների բարձագույն ղեկավարությանը: Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նա մեծ կարեւորություն է տվել երկու երկրների միջեւ համագործակցությանը կրթության ոլորտում, ինչի նախադրյալ է հանդիսանում երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համար: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է կողմերի միջեւ երկխոսությունը եւ ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը:

Դաշնային խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայկական պատվիրակության ակտիվությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքի շրջանակներում:

Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում գոյություն ունի զարգացման ակտիվ դինամիկա: Դրան նպաստում են նաեւ միջխորհրդարական կապերը, ինչի հավաստումն էր վերջերս Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ հագեցած օրակարգով:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հինախնդրին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խնդրի խաղաղ կարգավորմանը միտված հայկական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ կարեւորել, որ ադրբեջանական կողմը նույնպես հանդես գա նույնաբովանդակ հայտարարությամբ: 
  
Կողմերն անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանն ինչպես ԱՊՀ ՄԽՎ-ի, այլ նաեւ միջխորհրդարանական հարթակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վալենտինա Մատվիենկոն մյուս տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան: 

Տեսանյութեր

Live

Լրահոս