Տավուշի և Շիրակի մարզերի 2 ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում 2018թ. վերականգնված երկու ճանապարհահատված‚ որոնք վերականգնումից հետո մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ հանվել են երաշխիքային ժամկետից։

Դրանք են Մ6-Արճիս մոտ 3.6 կմ (Տավուշի մարզ) և Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 մոտ 6 կմ (Շիրակի մարզ) երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածները։ Այս մասին տեղեկացնում է ՏԵ նախարարությունը:

Աշխատանքային խումբը‚, որի կազմում ընդգրկված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության‚ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի‚ մարզպետարանների‚ կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ‚ գնահատելով ճանապարհների առկա վիճակը‚ արձանագրել է‚ որ դրանք ներկայում գտնվում են պայմանագրին և նախագծին համապատասխան վիճակում։

Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։