26-ամյա հայկական դրամի խրոնիկան․ ովքե՞ր ստեղծեցին ազգային արժույթը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվեց հատուկ պետական հանձնաժողով, որի անդամներն էին այդ ժամանակ ԱԺ-ի բյուջետային և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը և Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանը։ 

Ի վերջո, 1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ազգային արժույթը։ Հայկական դրամի ներդրումը դարձավ անկախ պետականության կարևոր տարրերից մեկը։
Մինչև ազգային արժույթի ներդրումը Հայաստանում դեռ պաշտոնական շրջանառության մեջ էր խորհրդային և ռուսական ռուբլին։ Տեղական արժույթի ներդրման մասին քննարկումները սկսվեցին 1992 թվականից։ 

Հատուկ հանձնաժողովի ստեղծմանը զուգահեռ ստեղծվեց նաև աշխատանքային խումբ, որի ղեկավարը դարձավ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վահրամ Ավանեսյանը։ Լևոն Բարխուդարյանի խոսքով՝ ազգային դրամի ներմուծումը հնարավորություն տվեց վարելու ինչպես արժութային, այնպես էլ դրամավարկային ինքնուրույն քաղաքականություն։

1993 թվականի նոյեմբերի 19-ին Գերագույն խորհրդի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը որոշում կայացրեց, որ նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվի հայկական դրամը, ինչին անհամբեր սպասում էր նաև հանրությունը։  

ԿԲ խորհրդի որոշմամբ հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն տրվեց Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզներին: Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով։

Ռուբեն Արուտչյանի խոսքով՝ տեղական արժույթի ներդրումից հետո, կարելի է ասել, հասարակությունը նոր կյանք սկսեց, և այն, ինչ տեղի ունեցավ, միայն երջանկացնող փաստ էր։ 

Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան»։ 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց՝  ազգային արժույթը պետք է կոչվի «դրամ», իսկ մանրադրամը՝ լումա ։ 

Ազգային արժույթի ներմուծումը Հայաստանին հնարավորություն տվեց աշխարհին ներկայանալու ինքնուրույն քաղաքականությամբ։ Այս տարիների ընթացքում հայկական դրամը, փոփոխությունների ենթարկվելով, հասցրեց դառնալ առավել պաշտպանված և հաստատվել միջազգային ստանդարտներում։

Սոնա Գրիգորյան