Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ. խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Գոռ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութը ու հրապարակումն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով։

«Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում քաղաքացիական հագուստով առերևույթ ոստիկանները մի քաղաքացու նկատմամբ բռնություն են կիրառում՝ ցուցմունք կորզելու նպատակով։

Միջադեպին արձագանքել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,– գրել է օմբուդսմենը։

Տեսանյութը՝ ստորև։