Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Լևոն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորում հետաձգվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։

Դատական այս նիստին պետք է իրականացվեր տեսաժապավենների ուսումնասիրություն, սակայն քանի որ կային տեխնիկական խնդիրներ, այն հետաձգվել է։ Լևոն Երանոսյանի պաշտպանը խնդրել է դատարանին ապահովել հնարավորինս մեծ չափի էկրան, որպեսզի նիստի ներկաներին տեսանելի լինի այն, ինչ պատրաստվում է ցույց տալ։ Դատավոր Հարություն Մանուկյանը նշել է, որ դիմելու են դատական դեպարտամենտին, որպեսզի իրենց ցանկության չափի մոնիտոր բերվի։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 15-ին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։