ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան: ՀՀ վարչապետին դիմավորել են Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը: Այնտեղ ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:
Նրանք Փաշինյանին ներկայացրել են եկեղեցու և վարժարանի ստեղծման պատմությունը, Հռոմում հայ համայնքի ներկայիս խնդիրները:
Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը նշեց, որ հայերի ներկայությունը Հռոմում երկար պատմություն ունի, և որ 150 տարվա պատմություն ունեցող Լևոնյան վարժարանում կրթվել են հայ հոգևորականների բազմաթիվ սերունդներ, որոնք հայ ժողովրդին ծառայել են որպես հովիվներ և մտավորականներ՝ անգամ արյուն տալով պահպանելու և պաշտպանելու համար հավատը, լեզուն և ազգային արժեքները:
«Արտաքին և ներքին հակառակորդները փորձում էին հարվածել այս ամրոցին, սակայն այն շարունակում է հավատարիմ մնալ իր հայանպաստ առաքելությանը»,- ասել է Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր առանձնահատկություն, այն է`ճանաչել ինքներս մեր պատմությունը:
«Երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, ինքնության պահպանման և զարգացման մասին, այդ ճանապարհին կա շատ կարևոր բանաձև: Որպես ժողովուրդ՝ մենք պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորն իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու ու անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է»,- ասել է Փաշինյանը: