Oպտիմալացումն ավելի արդյունավետ է դարձնելու ԱԻՆ աշխատանքը․ Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

ԱԻՆ

Նոյեմբերի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:  

Անդրադառնալով վերջին պատահարներին` նախարարը շեշտել է, որ աշխատանքները պետք է կազմակերպել ավելի խելացի, գրագետ և նպատակային, ուշադրություն պետք է դարձնել հրդեհաշիջման ժամանակ համազգեստի կրման կանոններին:

Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ Փրկարար ծառայություն ընդունվողներն անպայման եռամսյա փորձաշրջան պետք է անցնեն: Նախատեսվում է նաև վերականգնել ատեստավորման ինստիտուտը, որը թույլ է տալիս ծառայողներին զարգացնել իրենց գիտելիքները:

Նախարարն անդրադարձել է հրդեհաշիջման ժամանակ տեղանքի և ջրատարների քարտեզների առկայությանը: Հանձնարարկան է տրվել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններին ճշտել և քարտեզագրել գոյություն ունեցող բոլոր ջրատարները, որպեսզի հրդեհաշիջման ընթացքում աշխատանքները կատարվեն ավելի օպերատիվ և արդյունավետ:

Հանձնարարվել էուսումնասիրել մարդկային մեծ հոսքեր և կուտակումներ պարունակող օբյեկտների անվտանգության պահպանման հարցերը, վեր հանել առկա խնդիրները և ներկայացնել առաջարկներ այդ խնդիրները վերացնելու նպատակով:

Դեկտեմբերի 7-ին ընդառաջ, որը նշվելու է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր, բոլոր մարզերում նախատեսվում են միջոցառումներ: Հանձանարարվել է ներկայացնել միջոցառումների իրականացման պլանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերն ԱԻ նախարարին զեկուցել են ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների մասին: Նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել առավելագույն որակով և ավարտել մինչև տարեվերջ:

Ֆ. Ցոլակյանն, անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին, նշել է, որ օպտիմալացումն ավելի արդյունավետ է դարձնելու կառույցի աշխատանքը: