Վիտալի Բալասանյանը տվեց համաձայնությունը դառնալու Արցախի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Վիտալի

Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ տալիս է իր համաձայնությունը՝ առաջադրվելու և  մասնակցելու 2020-ի՝ Արցախի նախագահական ընտրություններին:

«Քաղաքական այս պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության և  միասնության, հանուն արցախցու արժանապատվության»,-ասել է Բալասանյանը, ապա հավելել.

«Առավել կարևրում ենք հետևյալը. Հայաստանը՝ որպես Արցախի և նրա բնակչության ֆիզիկական անվտանգության երախավոր, որքանո՞վ է համարժեք գնահատում և արձագանքում հայկական երկու պետություններին նետված նոր մարտահրավերներին: Արդյոք բավարար չափով են չեզոքացվում առկա սպառնալիքները:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանփոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ եւ ռազմավարությամբ: ՀՀ-ում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները: Նրանց ռազմավարությունը  մնաց նույնը՝ այն է՝ վերացնել Արցախի սուբյեկտայնությունը, տարածքը բռնակցել իրեն, իսկ տեղի բնակչության համար նախատեսել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի եւ հայկական այլ բնակավայրերի հայության ճակատագիրը, իսկ մարտավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ»,-ասել է Վիտալի Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանը նկատեց, որ Արցախն արդեն կայացած պետություն է իր ինստիտուտներով. «Այո, դեռեւս կա Արցախի չլուծված հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախի եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը եւ հակամարտության ուժային լուծումից հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջեւ բանակցությունների վերջնակետ: Մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994-ին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը, զիջեցինք, երբ դադարեցրինք դառնալ բանակցային կողմ, զիջեցինք, երբ 2016-ի ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ»,-ընդգծեց Վիտալի Բալասանյանը:

Ըստ Արցախի նախագահի թեկնածուի՝ պատերազմող երկրի համար մեծ շռայլություն և պարտության նախապայման է աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք գնահատելը:

«Մեր երկրի անվտանգությունը մեծացնելու համար անհրաժեշտ հրամայական է առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը, սոցիալական արդարության դեֆիցիտը, առավել արդյունավետ դարձնել տնտեսության կառավարումը:

Արցախցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով»,-եզրափակել է Բալասանյանը: