Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության մասնագիտական օրն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Արցախ

Մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար Արցախում էր նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Հանդիսությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորեց այն դերակատարումը, որն ունեցել և ունի ոստիկանությունը Արցախի Հանրապետության շուրջ 30-ամյա պետականության կայացման ու ամրապնդման գործում։
Պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում ոստիկանության բարդ ու կարևոր ծառայությունն իր խոսքում բարձր գնահատեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ հետևողական պայքար մղելով հանցավորության դեմ՝ ոստիկանությունը իր ամենօրյա ծառայությամբ պաշտպանում է մարդու, հասարակության, պետության շահերը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով արցախցի գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդգծեց, որ Արցախն այսօր արդեն ունի ձևավորված ոստիկանական համակարգ, բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները։
Հանդիսավոր արարողությանը Արցախի Հանրապետության ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին շքանշաններով, մեդալներով, այլ պարգևներով։