Թուրքիայի սպառնալիք լինելը արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ շվեդական Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերին վերաբերող անդրադարձը բխում է հենց Թուրքիայի շահերից։

«Կարիք չկա ասելու, որ հարցը  լուրջ մտահոգություն է պարունակում, մենք կշարունակենք հետևել։ Բայց առաջին արձագանքը պետք է լինի Թուրքիայից»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությանն ու մեղադրանքներին՝ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ դա տարօրինակ է թվում․

«Եթե թուրքական պետության դեմքը ներկայացնող անձինք չեն բարդույթավորվում մեր օրերի պատմությունը խեղաթյուրելուց, պարտավորությունները և սեփական ստորագրությունը հարգելուց՝ ձախողման մեջ մեղադրելով ուրիշներին, ապա ակնհայտ է, թե ինչու են 100-ամյա վաղեմության իրադարձությունները խեղաթյուրվում, վերանայելու առաջարկություններ արվում,   պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկներ անում։ Սա, ոչ ավելի, ոչ պակաս՝ նշանակում է առաջարկել համաձայնել ժխտմանը»,- նշել է գերատեսչության ղեկավարը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ հակասություններ չկան։ «Մենք ասել ենք, որ համաձայն ենք կարգավորել հարաբերություններն առանց պայմանների։ Բայց դրա համար 2 կողմ է հարկավոր։ Իսկ նրանց քաղաքականությունն աշխատում է այլ ուղղությամբ։ Թուրքիայի սպառնալիքը  դրսեւորվում է նրա քաղաքականության, գործողությունների եւ հռետորաբանության մեջ»,- ասել է Մնացականյանը։   

Շվեդական «Nordic Monitor» կայքը 2016 թ. գաղտնի նյութեր էր հրապարակել, որտեղ խոսվում է նաև Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի մասին: Մասնավորապես, նախատեսվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին, իսկ գործողությունը հաստատվել էր 2001թ.-ին