Լոնդոնում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

.

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-խմբ.) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել Լոնդոնի «Noho Showrooms» ցուցասրահում, ներկա են գտնվել  Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Սահակ Սրբազանը: Նա նշել է, որ ժամանակին ներկա է գտնվել նաև հայկական քաղաքակրթության մի մասը համարվող, 1000-ամյա պատմություն ունեցող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլյան և Նյու Յորքյան ցուցադրությանը:

«Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդեսը պետք է ավելի շատ մարդկանց  հասանելի լինի: Մեր իղձը կատարվեց, և այսօր Լոնդում էլ ցուցահանդես բացվեց»:

Մաշալյանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Սուրբ Խաչ եկեղեցու և մյուս պատմամշակութային արժեքով կառույցների նկատմամբ: