Պետությունը որոշել է հընթացս գնալ՝ հասկանալ, թե մարդն ինչու է տնակում ապրում․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

«Տնակային ավանները խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը և կարևորում եմ խնդրի լուծումը` սկզբունքային ու հասցեական գործողություններով»,- ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Խաչատրյանի` թեմային առնչվող հարցին նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինչքան գիտեմ, Գյումրիում այսօր չկա մի ընտանիք, որի նկատմամբ պետության ունեցած դե յուրե պարտավորությունը արձանագրված է: Բայց կան տնակներում ապրող քաղաքացիներ: Պետությունը որոշել է հընթացս գնալ՝ ամեն մի տնակի պատմությունը վերհանել, հասկանալ, թե մարդն ինչու է տնակում ապրում: Այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ կառավարությունը որևէ մեկի նկատմամբ ունի պարտավորություն, պարտավորությունները մարված են համարվում: Սակայն, երբ այդ աշխատանքները կարվեն ու կպարզվի, որ պետությունը պարտավորություն ունի, և դրանք տեխնիկական կամ ինչ-ինչ պատճառներով չեն արձանագրվել, նոր ցուցակ, նոր օրակարգ կձևավորվի»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ պետությունը մարդուն տվել է բնակարան, նա բնակարանը վաճառել և նորից գնացել, տնակում է ապրում, ապա դա բոլորովին ուրիշ իրավիճակ է, և իրենք բոլորովին ուրիշ քաղաքականություն պետք է վարեն: «Մի բան կարող եմ ասել հստակ, որ տնակային ավաններն այսօր հստակ խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը և պետք է մենք այդ խնդիրը լուծենք, և պետք է այդ խնդիրը լուծենք շատ սկզբունքային, ճշգրիտ և կոնկրետ հասցեական գործողություններով»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ 2020-ին  պետական բյուջեով աղետի գոտու հարցերը լուծելու համար հատկացրել են աննախադեպ թվով մեծ գումար` 3 մլրդ դրամ: