Բուլղարիան դիտավորյալ դանդաղեցնում է «Թուրքական հոսք» գազատարի անցկացումը․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  մեղադրել է Բուլղարիային «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ հատվածի անցկացումը դիտավորյալ կերպով դանդաղեցնելու համար և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում կարող են մեկ ուրիշ այլընտրանք գտնել: Գրել է Ermenihaber-ը։

Պուտինը բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ որպես այլընտրանքային երկիր Ռուսաստանը մտածում է ընտրել Ուկրաինային և հավելել.

«Մենք պատրաստ ենք գազի արտահանումն իրականացնել Ուկրաինայի տարածքով: Գաղտնիք չէ, որ այս հարցի շուրջ Վիեննայում շարունակվում են բանակցությունները: Սակայն մինչ այժմ Ուկրաինայի կողմից մեզ առաջակված պայմաններն անընդունելի են»:

Հիշեցնենք, որ ռուսական բնական գազը Եվրոպա հասցնելու համար «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ հատվածը որոշվել էր Հունաստանի փոխարեն անցկացնել Բուլղարիայի տարածքով:

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:

Նախատեսվում է, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պիտի լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցնի Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:

Այժմ նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։ Երկու գազատարից բաղկացած «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով ռուսական գազը կհասնի Եվրոպա։