Ադրբեջանի հայտարարությանը՝ ՀՀ իշխանության արձագանքը հանցավոր անգործություն է․ Մեկ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մեկ Հայաստան

«Մեկ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում երեկ Բրատիսլավայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված վերջնագիր-հայտարարության կապակցությամբ:

Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակներում հրապարակված վերջնագիր-հայտարարության կապակցությամբ ՀՀ իշխանությունների արձագանքը կամ դրա բացակայությունը համարում ենք ոչ համարժեք և որակում որպես հանցավոր անգործություն:

«Մեկ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է Հայաստանի նոր իշխանությունների Արցախյան հիմնախնդրի հետ կապված հստակ և աներկբա դիրքորոշման և տեսլականի բացակայության վտանգավորության մասին:

Գտնում ենք, որ նշված փաստաթղթի ի հայտ գալու պատճառներն ու հիմքերը մեծապես նաև պայմանավորված են ՀՀ իշխանությունների Արցախյան հակամարտության անթույլատրելի և անհասկանալի բանակցային դիրքավորմամբ:

Ստեղծված իրավիճակում կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի առնչությամբ:

Ի պատասխան Ադրբեջանի ամբարտավան և ցինիկ վարքագծին, ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

Անհապաղ

1.         Քաղաքական խորհրդակցություններ սկսել Հայաստանի և Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակում ազգային համաձայնության օրակարգ ձևավորելու և միասնաբար դրա կենսագործմանը հետամուտ լինելու նպատակով:

2.         ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

3.         ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների Հայաստանում հավատարմագրված դեսպաններին` նրանց ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության քաղաքական որոշման հիմքերն ու պատճառները:

Նշված գործողությունները կատարելու պարագայում «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտնում է իր պատրաստակամությունը մի կողմ դնել քաղաքական բոլոր տարաձայնությունները և իր ուժերի ներածին չափով օժանդակել և զորավիգ լինել ՀՀ գործող իշխանություններին:

Արցախի անվտանգությունն ու հակամարտության հայանպաստ լուծումը համարում ենք մեկ և միասնական Հայաստանի օրակարգ, որի շուրջ ակնկալում ենք համահայկական և համընդհանուր մոտեցում և կոնսոլիդացիա: