Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Միրոսլավ Լայչակ

Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Լայչակն ամփոփել է անցնող տարին ու նշել, որ տարվա ընթացքում հակամարտությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը կայացել է Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան բանավեճերի և 5+2 ձևաչափի շրջանակներում:

«Մենք այս պլատֆորմների միջոցով փորձել ենք վստահությունն ամրապնդել, վերացնել լարվածությունը, որպեսզի աջակցենք երկխոսությանը», - ասել է նա ու նշել, որ, այլ հարթությունից դիտարկելիս, պատկերը պակաս ուրախ կլինի։

«Ինչպես իր պաշտոնից հեռացող նախագահ, ես չունեմ կախարդական բանաձև, թե հակամարտություններն ինչ կերպ ու ընդմիշտ կարգավորենք», - նշել է Լայչակն ու հավելել՝ երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերն անգնահատելի են։