ՄԻԵԴ-ը մերժել է «Մակեյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է «Մակեյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը: Եվրոպական դատարանի ընդունած որոշմամբ՝ Մակեյանի և մյուս դիմումատուների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված արդարացի դատաքննության իրավունքը չի խախտվել:

«Դատարանը վերահաստատեց, որ ապացույցների գնահատումը նախ և առաջ պետք է անեն ազգային դատարանները: Դատարանը չպետք է հանդես գա որպես չորրորդ ատյան  և կասկածի տակ դնի ազգային դատարանների գնահատականը, քանի դեռ դրանց արդյունքները չեն կարող համարվել կամայական կամ ակնհայտորեն անհիմն:

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ տեղական դատարանի եզրակացությունները կամայական և ակնհայտորեն անհիմն չեն եղել: Դիմումատուների դատաքննությունը, ընդհանուր առմամբ, արդարացի էր, և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով խախտում տեղի չի ունեցել», - ասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ։

Նշենք, որ 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Պետրոս Մակեյանը համակարգում էր  նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզի նախընտրական շտաբի աշխատանքները։ Մակեյանը 2008-ի փետրվարի 25-ից գտնվում է ազատազրկման մեջ: Նա մեղադրվում էր ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, այնուհետև՝ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից Պետրոս Մակեյանը դատապարտվել էր ազատազրկման` 3 տարի ժամանակով։