Հայաստանի ու Գվատեմալայի խորհրդարանները ծրագրում են համաձայնագիր կնքել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: «Հատկանշական է, որ մենք պլանավորում ենք ստորագրել համաձայնագիր երկու երկրների խորհրդարանների միջեւ եւ վստահ եմ, որ այդ համաձայնագիրը չի լինի զուտ խորհրդանշական փաստաթուղթ, այլ իսկապես հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ հարաբերությունների զարգացման ներուժ կա, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Գվատեմալայի խորհրդարանը պատեհ պահին կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած տասնյակ երկրներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է պաշտպանել այս ձեւաչափը՝ այդպիսով որդեգրել հավասարակշռված դիրքորոշում այս հարցում:

Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարեւորում է Գվատեմալայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը: Նա առանձնացրել է համագործակցության մի քանի ոլորտներ, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, անդրադարձել է իր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին եւ կարեւորել փորձի փոխանակումը Հայաստանի հետ:

Արարատ Միրզոյանն առաջարկել է երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծել բարեկամական խմբեր, որոնք ներդրում կունենան հարաբերությունների զարգացման գործում: