Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակներում մասնակցեց  ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի օրակարգին՝ կարևորելով օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրումը և Կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների փոխադարձ սատարումը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ նման ձևաչափով հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում անդրադառնալու եվրոպական անվտանգության առջև ծառացած խնդիրներին և ուղենշելու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:  

ԱԳ նախարարներն անդրադարձան նաև օրերս Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Կազմակերպության կողմից ընդունած որոշումների կատարման ընթացքին:

ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերների հետ անդրադարձ կատարեց նախօրեին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը և այս համատեքստում ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի գնահատականները: