ԱՄՆ Սենատը 3-րդ անգամ հրաժարվեց քննարկել հայերի ցեղասպանության վերաբերյալ 150-րդ բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱՄՆ

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: 

Աղբյուրը գրում է. «Արդյոք մենք ճանաչո՞ւմ ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը, հարցադրմամբ հանդես եկավ ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին անգամ Սենատում բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի ընդգրկմանը օրակարգում, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:

Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արեց Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկմանը օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշեց սենատոր Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացավ իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով ընդգծեց՝ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը հանրապետական սենատորը վստահություն հայտնեց, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- ընդգծել է սենատոր Քրուզը:

Բանաձևի առաջադրմանը սակայն դեմ հանդես եկավ Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Նախկին կոնգրեսական, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար:

«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Հիշեցնենք, որ, ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի, մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիսով` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվեց Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից:

Արձագանքելով դրան՝ սենատոր Մենենդեսն ընդգծեց, որ դժվար է ընտրել ճիշտ ժամանակ այս քայլի համար: Նա վստահեցրեց, որ կշարունակի պայքարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս