69 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2020-ի պետբյուջեն հաստատվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բյուջե

ԱԺ նիստի ժամանակ 69 կողմ, 37 դեմ և 0 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ հաստատվեց 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց կառավարությանը ընդունված բյուջեի կապակցությամբ, ապա հավելեց, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորների ձայները ևս հաշվարկված են։

2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է էականորեն ավելացնել առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության ոլորտներին հատկացվող միջոցների չափը:

Առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները նախագծի համաձայն՝ կազմելու են 110.9 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա բյուջեով սահմանվածից ավելի է շուրջ 21 %-ով: Կրթության ոլորտին հատկացվելիք միջոցները 2020 թ․-ին նախագծով կազմելու են 162.9 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ ավել է 15 %-ով: Իսկ սոցիալական պաշտպանությանն ուղղվելիք միջոցները կազմելու են 489.4 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա համեմատ ավելի է 10 %-ով: 

Ավելի քան 40 %-ով նախատեսվում է նաև ավելացնել բնակարանային շինարարությանն  ուղղվելիք միջոցները, որի շրջանակում պետք է լուծվեն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:

Բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 2 անգամ ավելացնել ճանապարհաշինարարությանն ուղղվող միջոցների ծավալը: Եթե 2019 թվականի բյուջեով այս ուղղությամբ սահմանված էր 57.5 մլրդ դրամ, ապա 2020 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124.4 մլրդ դրամ:

Ավելի քան 3.3 անգամ ավելանալու է նաև Հայաստանում ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման և բարելավման համար հատկացվելիք միջոցները: 2019 թվականին այս ուղղությամբ սահմանվել է 17.2 մլրդ դրամ, մինչդեռ 2020-ին նախատեսվում է 58.2 մլրդ դրամ:

1