Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով մեղադրող կողմը դատավորին ինքնաբացարկ հայտնեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Քոչարյան

ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն առաջին իրավասության դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չէր փոփոխվել գրավով։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նիստի ժամանակ ասել է, որ ինքնաբացարկի միջնորդություն ունեն դատավորին։

Ըստ դատախազի՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե տեղյակ է այնպիսի գործոնների մասին, որնոք կարող են կասկած հարուցել տվյալ գործով անաչառության մեջ, և չկան բավարար հիմքեր, որոնք կչեզոքացնեն այդ կասկածները։ Դատախազը նշել է, որ խոսքն արտաքին գործոնների մասին է, ապա հավելեց, որ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդության հիմքում այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ մայիսի 18-ի որոշումից հետո Արտակ Գալստյանը գրառում էր արել՝ նշելով, որ այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ գործընկերոջ միջնորդությանը, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը միացավ՝ նշելով, որ դատավորներ Մխիթար Պապոյանը, Վազգեն Ռշտունին, Ալեքսանդր Ազարյանը ունեն ուղղորդված համակրանք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Արա Ղարագյոզյանը ևս միացավ տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությանը՝ նշելով, որ որևէ մեկի մոտ չպետք է կասկած առաջանա դատավորի անաչառության վերաբերյալ, ապա նաև հավելեց, որ դատական համակարգում անկախության հարց կա, և հեղափոխությունից հետո կառավարությունը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Նախագահող դատավորն ի պատասխան նշեց, որ միշտ եղել է անկախ և անաչառ դատավոր։ Տուժող կողմի իրավահաջորդների մյուս ներկայացուցիչները ևս միացան միջնորդությանը։

Ավելի վաղ հայտնել էնք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019-ի նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է նոյեմբերի 12-ին, իսկ քրեական գործ՝ նոյեմբերի 20-ին, և նույն օրը այն մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին։