Գվատեմալայի կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բակո

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու նշանակությունը:

Կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել են Սուրբ նահատակների հիշատակը:

Գվատեմալայից ժամանած պատվիրակությունը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ էքսկուրսավար Անժելա Թևեքելյանը հյուրերին ծանոթացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը փաստող վավերագրերին, թանգարանային ցուցադրությանը:

Պատվիրակության ղեկավարները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: