Կշահագործվի Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցված 2 դպրոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» ընթացքին վերաբերող հարցեր, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ:

ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 15-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 262-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի այսօրվա նիստում բարձրացվել են ծրագրի շրջանակում ընդգրկված դպրոցների կառուցմանը կամ ամրացմանը խոչընդոտող մի շարք հարցեր, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել են դրանց լուծման առաջարկներ: Անդրադարձ է եղել կառավարության երեկվա նիստում շինհրապարակներում աշխատանքների պատշաճ կազմակերպման և բանվորների արտահագուստի մասին ՀՀ վարչապետի ելույթին, ինչի առնչությամբ Տարածքային զարգացման հիմնադրամին առաջարկվել է շինարարական կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանքներ տանել:

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսված առավելագույն սեյսմիկ խոցելիություն ունեցող 46 դպրոցների ցանկը հաստատվել է Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 805-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ N 1438-Ն որոշումներով։ Ծրագրի շրջանակում ավարտվել են Երևանի Ռ.Իշխանյանի անվան թիվ 153 և Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցների շինարարական, ներկայումս ընթանում են գույքի ձեռքբերման աշխատանքները:

Միաժամանակ, ներկայումս շինարարություն է իրականացվում թվով 7 դպրոցներում Երևանի թիվ 135 և 51, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցներում, Նոր Խարբերդի թիվ 1, Գավառի թիվ 2 միջնակարգ և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցներում: Թվով 24 դպրոցների համար ընթանում են նախագծային և տեղական ու միջազգային փորձաքննության աշխատանքներ։