Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, պաշտպանության կողմը՝ նետուաղեղով․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

«Փաստաբանը հաճախ է հայտնվում իշխանություն ունեցող սուբյեկտի և շարքային քաղաքացու միջև։ Պաշտպանելով քաղաքացու շահը՝ փաստաբանը դիմադրություն է ցույց տալիս իշխանավորին»,- հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ փաստաբանների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը։

«Քիչ չեն բարձր իրավագիտակցություն ունեցող պաշտոնատար անձինք, որոնք գիտակցում և գնահատում են փաստաբանի դերն ու մասնակցության նշանակությունը։ Քրեական արդարադատության ոլորտում մեղադրանքի կողմը ներկայացնում են հարկադրանքի և հատուկ միջոցներ կիրառելու հնարավորություն ունեցող ինստիտուտներ, ինչպիսիք են հետաքննության և նախաքննության մարմինները և դատախազությունը։

Մեղադրանքի կողմը կարող է սահմանված կարգով խուզարկել քաղաքացուն, կարդալ գաղտնի նամակագրությունը, լսել հեռախոսազրույցները, բերման ենթարկել նրան, սահմանափակել նրա ազատությունը։ Պատկերացրեք հզոր գործիքակազմով օժտված այս կառույցները մեղադրում են քաղաքացուն, ով հույսը կարող է դնել միայն մեկ մարդու՝ փաստաբանի վրա։ Իսկ ի՞նչ ունի փաստաբանը։ Փաստաբանի հիմնական զենքերը երեքն են՝ գիտելիք, հմտություն և խոսք։ Արդյոք համարժեք են երկու հակադիր կողմերի զենքերը»,-նշեց Արա Զոհրաբյանը՝ պատկերավոր համեմատություն անելով, թե «մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով»։

Նշենք, որ փաստաբանների պալատն այսօր նշում է փաստաբանության 101-ամյակը։