Կումայրիի ոստիկանները բացահայտեցին կնոջ դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին դեկտեմբերի 5-ին ահազանգել են, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու բնակիչ, 30-ամյա մի կին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտել է հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։

«Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրու բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարան, ինչի արդյունքում նա ներկայացավ բաժին։

Դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ՝ քննությամբ պարզվում»,- նշված է հաղորդագրության մեջ։