Զատուլինը Հայաստանի պատմությունը չիմացողներին հորդորել է հաճախ գնալ գրադարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

զատուլին

«Հաճախ գնացեք գրադարաններ»․ «Московский Комсомолец» թերթում այս վերնագրով հոդված է հրապարակվել։ Հեղինակը Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է։ Քաղաքական գործիչն անդրադարձել է Նժդեհի հանդեպ վերաբերմունքի թեմային՝ տեղեկացնելով, որ ԶԼՄ-ներում Նժդեհին բացասական լույսի ներքո պատկերելու արշավը նախաձեռնվել և ուղղորդվում է Ադրբեջանի կողմից։

Զատուլինը դատապարտել է Արմավիրում տեղի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմի դրսևորումն ու պատասխան վանդալիզմը, որն իրականացրել է Շահեն Հարությունյանը Երևանում Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ։

Ըստ Զատուլինի՝ ոչ ոք չի փորձում կասկածի տակ դնել հայ մարտիկների հերոսությունը՝ նկատելով, որ Նժդեհին Հայաստանում հերոսացնում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի դեմ պայքարում նրա գործունեության, ոչ թե Հայրենական Մեծ պատերազմի տարիների գործունեության համար։

Զատուլինը միաժամանակ նկատել է, որ Նժդեհն ուներ հիմնքեր բոլշևիկներին չվստահելու համար, որոնք գործարքի գնացին Աթաթուրքի հետ, ինչի արդյունքում Թուրքիային անցան Հայաստանին պատկանող Կարսը, Արդահանը, Բայազետը և այլ հողեր։

ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահը նրանց, ում մոտ հաջորդ անգամ մուրճ, ներկ կամ վանդալային նպատակներով այլ իր ձեռքը վերցնելու ցանկություն կառաջանա, նա կոչ է արել ուղղակի գնալ գրադարան և չմասնակցել անհեթեթ, քարոզչական արշավներին, որոնք թելադրում են այլ երկրները՝ ի շահ իրենց։