«Փաշինյանն արեց այն, ինչ չէր արել Հայաստանի ոչ մի ղեկավար»․ ադրբեջանցի լրագրող․ «VOA»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Արսեն

Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանում ղարաբաղյան կարգավորման որեւէ հույսեր չեն կապում, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցած քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի լրագրող Սիչինչ Օսմանքիզին, որը ստիպված է արտերկրում բնակվել հայրենիքում իր նկատմամբ հետապնդումների պատճառով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայնից»։

«Նա այցելում է օկուպացված Շուշա, երջանիկ գինի վայելում, պարում: Նա արդեն իսկ 3 թե 4 անգամ այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ․ դա չէր արել Հայաստանի և ոչ մի ղեկավար, քանի որ եթե դու խաղաղ բանակցություններ ես վարում, չպետք է այցելես օկուպացված տարածքներ, իսկ Փաշինյանը նույնիսկ ասաց, թե սա հայերի հողն է»։

Օսմանքիզիի կարծիքով Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը. «Ավտորիտար ղեկավարներին թշնամի է անհրաժեշտ և եթե այդպիսին չկա, նրանք ստեղծում են այդ թշնամուն մարդկանց համախմբելու համար: Կարծում եմ՝ դա անում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»:

Քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի նախկին թղթակից, Վրաստանում գործող «Ալիք Մեդիայ»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականն էր, նշեց, որ Սևինչ Օսմանքիզին փոքր-ինչ սխալվում է, ու եթե Հայաստանի նախկին ռեժիմն իրոք օգտագործում էր ղարաբաղյան հակամարտությունն իշխանությունը պահելու համար, ապա ներկա իշխանություններն այլևս դրա կարիքը չունեն:

«Հայաստանի Թավշյա հեղափոխությունը փոխեց հակամարտության համատեքստը եւ բազմաթիվ այլ բաներ տարածաշրջանում»,-համոզված է Խառատյանը։

«Այժմ մենք ունենք Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենալեգիտիմ իշխանությունը, որը կարիք չունի շահարկելու հակամարտությունը իշխանության ղեկին մնալու համար»:

Անդրադառնալով տարածաշրջանում մամուլի ազատությանը՝ Խառատյանը նշեց, որ Հայաստանը մամուլի ազատության մակարդակով այսօր տարածաշրջանի առավել ազատ երկիրն է, որտեղ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է իշխանությունների հակառակորդ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Ուստի, նաև ֆեյք լուրերի մեծ մասը Հայաստանում տարածվում է հենց ներսի ուժերի կողմից:

Վրաստանում իրավիճակն այլ է, նշում է քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Եկատերինա Մագալդադզեն: Այստեղ ակտիվ գործում են Ռուսաստանի կողմից սատարվող կեղծ լուրերի տարածողները: Հատկապես դրանք թիրախավորում են ազգային փոքրամասնությունները, որոնք հաճախ են հետևում ռուսական լրատվամիջոցներին. «Նրանք շատ խոցելի են և ենթարկվում են ռուսական ապատեղեկատվության հսկայական ալիքին, իսկ Վրաստանի իշխանությունները հաճախ հիշում են նրանց մասին ընտրությունից ընտրություն»:

Ադրբեջանում կեղծիքների տարածման գործում ներգրավված է հենց այդ երկրի իշխանությունը, համոզված է Սևինչ Օսմանքիզին: Չնայած Ադրբեջանում գործող ավելի քան 600 լրատվամիջոցների, մամուլի ազատության մասին Ադրբեջանում խոսք լինել չի կարող: Ընդհակառակը, իշխանությունները մասնակցում են հակառակորդների դեմ կեղծ լուրերի տարածման գործին. «Այդ կեղծ լուրերի, կեղծ լրատվամիջոցների ստեղծման համար Ադրբեջանում հսկայական գումարներ են ծախսվում, խոսքը միլիոնների, միլիոնավոր դոլարների մասին է: Այնտեղ ստեղծվել են թրոլների բանակներ»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Օսմանքիզին նշեց, որ չնայած որոշ խաղաղարար նախաձեռնությունների, ներկա զարգացումներն իրեն լավատեսություն չեն ներշնչում: Այսօր մեծացել է նոր սերունդ, որը չի տեսել լայնածավալ պատերազմի սարսափները և պատրաստ է խնդիրը լուծել պատերազմի միջոցով, նշում է ադրբեջանցի լրագրողը: Արսեն Խառատյանն իր կողմից նշեց, որ, այնուամենայնիվ, ավելի լավատես է. «Այդ նույն սերունդը կարող է հրաժարվել ռազմականացված հռետորաբանությունից: Իրականում ես թունելի վերջում որոշակի լույս եմ տեսնում»: