ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 4։50-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կողային պատի կտրած, ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 2-ի սահմանում, Լոռի Բերդ գյուղի Կենտրոնական փողոցում։ Այնտեղ փորձել է հանդարտեցնել վիճաբանող անհայտ անձանց, ինչի ժամանակ որովայնի շրջանում զգացել է սուր ցավ:
Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներն իրացնելիս Լոռի Բերդ գյուղի Աշոտ Երկաթ փողոցի տներից մեկից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 35-ամյա մի քաղաքացի։ Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը՝ կեսգիշերին, ոչ սթափ վիճակում, անձնական հարցերի պարզաբանման շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է տղամարդու որովայնի շրջանին պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր: