Նիկոլիզմի լույսն ու ստվերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նիկոլ

«Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդի՛ս, առաջնե՛կս, ի՛մ հույսս, ի՛մ թանկս, լավը չես, մեջդ վրեժ չկա»:

Մաթևոսյան, «Ծառերը»

 

Հայաստանում 2018 թ. ապրիլին քաղաքական բլիցկրիգ եղավ: Նիկոլ Փաշինյանը քայլելով վերցրեց իշխանությունը, և մեկ տարի առաջ տեղի ունեցած դեկտեմբերյան պառլամենտական ընտրություններին ջախջախիչ մեծամասնությամբ մտավ Ազգային Ժողով: Տապալվեց իշխանությունը, որը պարզվեց՝ կավե ոտքերի վրա կանգնած հսկա էր, և քաղաքական դաշտը կանգնեց փաստի առաջ:

Դե յուրե մեկ տարվա իշխանավարումը, որը մի մասն անամպ օրվա մեջ հանկարծահաս իջած կայծակ է համարում, իսկ մյուսները` խավարին հաջորդած լուսաբաց, վերծանման անհրաժեշտություն է պարտադրում:

Անհատը

Պատմության թափանիվը պտտում են կամք և երևակայություն ունեցող անհատները: Ինստիտուցիոնիալիզմը կեղծ կատեգորիա է դառնում, երբ տեսաբանները փորձում են անձի դերը փոքրացնել, համակարգինը՝ մեծացնել: Առանց նավապետի և անձնակազմի նավը, ինչքան էլ լավը լինի, տեղից չի շարժվի:

1998 թվականին Նիկոլն իր տեղը հաստատեց քաղաքական կլիմայում և գնալով այն մեծացրեց` սկզբից որպես լրագրող-խմբագիր, հետո՝ ասֆալտի վրա աշխատող ընդդիմադիր գործիչ, ապա՝ պատգամավոր-դե ֆակտո կուսակցապետ և ըմբոստական շարժման առաջնորդ: Որպես ժուռնալիստ՝ Փաշինյանը բարձր պրոֆեսիոնալ է, տաղանդավոր հրապարակախոս, որը կարողանում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության բաց ու մերկ հատվածները գտնել, թիրախները ընտրում էր հմուտ, և խոսքը նետի նման դիպուկ էր: Նրա լրագրությունն իր հոգեբանական բնութագրի հիմքն է և քաղաքական վարքաբանության մեկնության առանցքը:

«Հայկական Ժամանակ»-ի գլխավոր խմբագրի քաղաքական startup-ը 1+1 և «ոչ ռոբոտացմանը, սերժանտացմանը, դոդացմանը» ակցիաներն էին, որոնք թույլ էին, անհեռանկար և չունեին լուրջ ՕԳԳ: Փաշինյանը հասունացավ, ամրապնդվեց, կայացավ որպես քաղաքական գործիչ, երբ նրա վրա իր ձեռքը պարզեց հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Համաժողովրդական շարժման մեջ նախագահը Նիկոլին տվեց գլխավոր միտինգավար-հռետորի պաշտոնը, որն անընդհատ ավելացնում էր Փաշինյանի գումարելիների չափը, և տարիներով գրեթե ամենօրյա շփումը ակադեմիական խարիզմատ Տեր-Պետրոսյանի հետ նպաստեց ընդունակ ու արագ կողմորոշվող Նիկոլի ընկալողականության զարգացմանը ու փորձի մեծացմանը: Առաջին պրեզիդենտի ցուցակով մուտք գործելով պառլամենտ՝ պատգամավոր Նիկոլը, 2012 – 2017 թթ. վերածվեց իսկական տրիբունի և մրցակցությունից արագ դուրս թողեց խորհրդարանական մյուս ընդդիմադիրներին, իսկ իշխանական օրենսդիր ճամբարի ներկայացուցիչները երբևիցե չկարողացան նրան այս հարթակում կամ բանավեճում կոտրել կամ գերազանցել:

Տարիների խորացող լճացման ստագնացիան հանրության աչքում իր մեղավորներին էր գտնում. դրանք թե՛ ընդդիմությունն էր, որը չէր կարողանում փոփոխության հասնել, թե՛ իշխանությունը, որի բարեփոխումներից խուսափելը և գաղջ մթնոլորտի հաստատուն պահելն իրեն դատապարտեց կործանման: Ակտիվորեն ելքեր փնտրողը եղավ «Ելք» դաշինքից Փաշինյանը, որը լավագույնս հասկացավ կառավարողների և ժողովրդի միջև եղած անդունդը, որը լցված էր հուսահատ ատելությամբ: Իշխանության մեջ փչացել էր գրեթե ամեն ինչ, և դրա արտացոլման վառ օրինակները եղան ավելի քիչ «Էլեկտրիկ Երևան» միտինգային ակցիան ու ամբողջական` պարեկային գնդի ահաբեկչական գրավումը: Ոստիկաններ սպանածները սոցիալական տիրույթներում «հերոսներ» համարվեցին: Սա ժողովրդի ատելության գագաթնակետն էր: Հանուն գործելու հնարավորությունը հասել էր զրոյական կետի` պետք էր մերժման պրոցես սկսել: Այս ֆոնի վրա Փաշինյանը վերլուծեց իրավիճակը, նկատեց ներիշխանական ճեղքերը, որոնք ավելի լայնացան, երբ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը և գնաց վարչապետի պաշտոնը ստանձնելու, և Նիկոլն իր քայլն արեց: Ամեն ինչ ստացվեց թեթև, տոնական, անարյուն ու սահուն: Տեղի ունեցավ այն, ինչը կանխորոշված էր. քաղաքական ղեկավարությունը, որի ձեռքում էին կենտրոնացած պետության գլխավոր կուսակցական համակարգը, ուժայինները, ֆինանսական ռեսուրսները, փողոցային աշխարհի ներուժը, ով արտաքին քաղաքականությունը վարում էր «և՛, և՛»-ի դիվանագիտությամբ` բավարարելով թե՛ ռուսներին, թե՛ արևմուտքին, և որը թվացյալ ապահովագրված էր ամեն կողմից զմփոցով անկում ապրեց ժամերի ընթացքում` իմաստ չգտնելով շարժման մեջ դնելու վերոգրյալ հսկայական մեխանիզմը: Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ:

«Նիկոլ & Company»

Վանոն կասեր. «Երբ վերինների խելքը չի հասնում, ներքևինների էլ տանձին չի»:

Ժամանակ տևած պայքարը պայքարողին կուռ է դարձնում, և պայքարի նպատակի իմաստը հասցնում է լիարժեքորեն ներծծվել և սեփական ԵՍ-ի մաս դառնալ: Հռչակված հեղափոխության առաջին ու միակ գործոնը Նիկոլ Փաշինյանն էր, քանի որ երկրորդ, երրորդ կամ հինգերորդ տեղերը զբաղեցնում են նրանք, ովքեր իրենց գրաված սանդղակին համապատասխան ունակություններ ու գործողություններ կատարելու հնարավորություն ունեն: Եթե սցենարը գնար այլ ուղղությամբ, և Փաշինյանը խաղից դուրս հանվեր, ապա տեղից շարժված պրոցեսը կշարունակվեր, բայց արդեն իսկ այլոց ձեռամբ, քանի որ Նիկոլի թիմում բացակայում էին մտավոր ու ոգեղեն վճռականություն ունեցող անձինք: Եվ այս պատկերը հիմա հոսել է պետական ապարատի մեջ, ու այսօր էլ իշխանությունն արտացոլանքն է ՔՊ-ական ընդդիմադրի, որն իր տեսքով, ձևով ու էությամբ աղանդ է հիշեցնում՝ բացառությամբ մի բանի. աղանդն իր գլխավորում գաղափար (մոլորյալ, սխալ) ունի, նիկոլականները` ո՛չ:

Վարչապետ դառնալով՝ Փաշինյանը կորցրեց իր որակների մի մասը, վերածվեց սովորական բարեխիղճ վարչարարի, որ փորձում է ազգի լիդերի դերում մնալ: Հակասությունները շատ են, քանի որ Pater Patriae-ն (Հայրենիքի Հայրը) ավելի ուժեղ ու բարձր հատկություններ պետք է ունենա և ավելի մեծ գործեր արած լինի: Փաշիստական կառավարությունը (արտահայտությունը` նախկին վարչապետ Բագրատյանի) մակերեսային կառավարում է ապահովում, ինչն այս պահին ունի ցածր օգտակարություն, մոտ ապագայում կդառնա անհետաքրքիր և հեռանկարում կարող է վերածվել վտանգի: Սրա հիմքում ընկած է այն, որ Նիկոլ Փաշինյանը, իր կարիերայի գագաթին հասնելով, չվերաիմաստավորվեց և ասֆալտային ընդդիմադրից չդարձավ պետական գործիչ: 2018 թ.  գարնանից և առվել շատ դեկտեմբերից բոլոր նախապայմանները կային, որ երկրում սկսվեր ուժեղ ու կենտրոնաձիգ պետության կառուցումը, բայց այդ ամենը տեղի չունեցավ, քանի որ իշխանափոխության լիդերը չունի պետության առաջնորդի համար անհրաժեշտ խորաթափանցություն, լայնամասշտաբ աշխարհայացք և ձևակերպած նպատակ: Առանց առաքելության պետությունը սովորական «սիքտիրչի» կենսատարածք է, և այս հողակտորը պետության վերածելու կամ նորանկախ պետականության հիմքերին վերադառնալու խնդիր կա, Ղարաբաղի հարցը լուծելու և հոկտեմբերի 27-ը բացահայտելու պահանջներ կան: Բայց արի ու տես, որ իշխանությունը, մաքուր ձեռքերի ղեկավարումից բացի, ուրիշ բանի ընդունակ չէ:

Ներքաղաքական կյանքում փակ շրջանակ է գծված, որում նորերն և նախկինները իրար են բզում, և չկա գաղափարական, արժեհամակարգային բանավեճ: Սա քաղաքական պինգպոնգ է: Նրանց մեկմեկու գոյության պահպանումն ապահովում է մյուսի դեմ պայքարը: Այդքան քննադատված Սահմանադրությունը, կուսակցությունների մասին օրենքը և ընտրական օրենսգիրքն այդպես էլ չփոխվեցին: Քաղաքական մշակույթի զարգացումն արհեստականորեն զսպվում է: Մինչ օրս պետական մակարդակով քաղաքական գնահատական չի տրվել քոչարյանիզմին:

Արտաքին քաղաքականության մեջ որևէ նշանակալի ձեռքբերում չկա:

Իրավական ոլորտի լոմբարդային տրամաբանությամբ գնացող ընթացքը հեգնաժպիտ ծիծաղ է առաջացնում: Նախկին ռեժիմի, կատարված ապօրինությունների, թալանվածի, որի մասին այդքան խոսել է նախկին ընդդիմադիր այսօրվա իշխանությունը, համակարգային պատասխանատվության չի ենթարկվում: Զավեշտ է, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հանգիստ լքում են երկիրը, հետո նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում, և տվյալ պետությունն էլ չի արտահանձնում այդ մարդկանց:

Տնտեսության մեջ հեղինակավոր ներդրումներ չկան: Տնտեսական հեղափոխությունը վեթթինգի ու անցումային արդարադատության և մեկ էլ Տարոն Աճեմօղլուի նման պիտի գային, բայց դեռ տեղ չեն հասնում:

Ասֆալտին փռելու, պատերին ու պոլերին տալու զգուշացողական արտահայտությունները ոչ էֆեկտիվ են ու արդեն տհաճ, և սրա կողքին, երբ դնում ես դաշմոլ ջահելների մարմնաշարժությունները ու բարգավաճածների օդի թափահարումը, պատկերն էլ ավելի է ամբողջանում:

Պետության առաջնորդ լինելու համար Փաշինյան Նիկոլը պետք է երկրորդում կադրային ընտրության մեջ ավելի լայնախոհ լիներ, քոչարյանական տարիներին տար հստակ քաղաքական գնահատական ու ցուցակներով սիստեմավորված գործուղությունների անցներ, ինչպես տեր-պետրոսյանական իշխանությունը տվեց ու վարվեց դաշնակցության հետ, և գլխավորում՝ Պապ թագավորից բացի, իր համար որպես հենարան վերցներ 1988 թ. շարժումը` նրա գաղափարները, արժեքները և առաջին իշխանության հաղթանակներն ու դեմքերին: Ի վերջո «Ղարաբաղ Կոմիտեն» հայոց պատմության այն եզակի ուժն է, որն իր ծրագիրն ու խոստումները լիարժեքորեն իրականցրեց` անկախության հաստատում, Արցախի ազատագրում, Հայաստանի սահմանների պաշտպանում, ուժեղ բանակի ստեղծում, հանցավորության դեմ պայքարի հաղթանակ, դիվանագիտական հաջողություններ, Սահմանադրության ընդունում, դրամի հատում, մասնավոր սեփականության հաստատում, հողի սեփականաշնորհում, պետական ինստիտուտների ստեղծում և այլն: Սա կլիներ պետական մտածելակերպի արգասիքի դրսևորում և ֆունդամենտալ աշխատանքի սկիզբ: Փաշինյանի և թիմի հռչակած «Նոր Հայաստան» եզրույթը ավազե տնակ է, որի փլվելը ժամանակի հարց է: Կա Երրորդ Անկախ Հանրապետությունը և վերջ:

Այսպիսով արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի օր տևած շարժումն իր բովանդակության մեջ միայն մերժման տարր ուներ: Դա գեղեցիկ և անհրաժեշտ իրադարձություն էր մեր պատմության մեջ, որի տրամաբանական շարունակությունը չի կարող տարածվել պետականության մեջ, քանի որ պետությունը պահանջում է աշխատանք առ հանունի, ինչը հիմա չկա: Նիկոլը մնացել է ընդդիմադրի համազգեստի ներքո և այդ գիտակցությամբ է կառավարում: Սա առաջ է բերում հասարակության հատվածականության խորացում և դանդաղեցնում է առաջընթացը: Միայն պոպուլիզմն անպատասխանատու երևույթ է, որին սկսում է զոհ գնալ պետության շահը: Հայաստանում անկասկած ձևավորվելու է երրորդ ուժը, որի անհատական, ինտելեկտուալ և հարվածային զորությունը ճեղքելու է նորերի և հների կողմից ձգված կորագիծը, լցնելու է վակումը և դառնալու է օրակարգ թելադրող:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս