Ձեր լոնքը հանգեցնելու է շպագատի`այն էլ սանդուխքի վրա․ քաղաքագետը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

բակո

 «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Գիտեմ, որ գրառումս ներկայիս Facebook-յան քաղաքական թրենդայնության մեջ դժվար ընկալելի է լինելու բայց...

Ներկայիս «ամբոխավարության» ընթացքն ինձ հաճախ ստիպում է մտածել, թե որն է մեր երկրի համար առավել հանցավոր ու վտանգավոր երևույթը՝ «կոռումպացված պրոֆեսիոնալի՞զմը» թե՞ «անմեղսունակ ինքնավստահությունը», երբ վերջինս համեմվում է զանգվածների վրա ազդեցություն թողնելու էմոցիոնալ էնտուզիազմով և ձգտմամբ: Եթե նույնիսկ այս միտքը առաջին հայացքից Ձեզ տարակուսման առիթ տա` վստահեցնում եմ այն հայտնելու պատճառները ընկած են այսօրվա իշխանության քաղաքական մենթալիտետի և վարքաբանության հիմքերում:

Իշխանությունը իր լիդերի հեղինակմամբ ասում է` մեջբերում եմ․ «Մենք սանդուխքով բարձրանալիս լոնքերով 4 ենք թռնում, ընդդիմադիրներն ասում են՝ չէ՛, ո՞նց եք 4 թռնում, 12 թռեք»:

Հարգելի իշխանություններ, խնդիրն այն է, որ դա ասում են Ձե՛ր ընդիմադիրները, շեշտում եմ`Ձե՛ր ընդիմադիրները:

Հասարակության հեղափոխական մեկ այլ շերտ ասում է. «Ախր, խոսք էիք տվել և բերում էիք հավաստիացումներ, որ 12-ի փոխարեն համարյա 120 կարելի է թռնել, եթե...»՝  հիշեք կախարդական փայտիկի միֆը:

Հասարակության մեկ այլ ռացիոնալ, գրագետ և առողջ հատված Ձեզ ասում է, որ «Ձեր լոնքը հանգեցնելու է շպագատի`այն էլ սանդուխքի վրա, ինչը շատ տհաճ և ցավոտ երևույթ է», որովհետև «լոնք» եք գցում կշռադատված քայլերի փոխարեն: Դեռ ավելին` ավելի շատ խոսում էք «լոնքի» մասին և այն հռետորաբանության էֆեկտով «թանկ վաճառելու» մեթոդաբանությամբ, քան այդ «լոնքը» գցելու իրական կարողության մասին:

Եթե նույնիսկ վերջին ելույթի ընթացքում վարչապետը «աննախադեպ» բառը 6-7 անգամվա փոխարեն 60-70 անգամ օգտագործեր, ապա միևնույն է՝ ստեղծվում է տպավորություն, որ կարծես թե գովազդի տրամաբանությամբ ինչ-որ բան է ուզում վաճառել իր ընտրողների վրա: Սակայն աներկբա է, որ միևնույն է հասարակության մեծամասնությունը այդ «քաղաքական ապրանքն» այլևս չի գնելու, նույնիսկ եթե այն նրան ձրի տան:

Ամբոխին հմայելու՝ Փաշինյանի խարիզման և նրա թիմի առաջնային դերակատարների արտաբերած մտքերը սկսում են ցնդել այն պահին, երբ հենց այդ մտազեղումները հանրային ռացիոնալ քննարկման առարկա են դառնում, որովհետև դրանց բովանդակության սնանկության վրա լույս է սփռվում մեծ արագությամբ:

Այլևս մեկ բան ևս աներկբա է, որ մոտ են այն ժամանակները, երբ բարձր սպասումներով «կերակրված» և հերթական անգամ հիասթափված հեղափոխական մեծամասնությունը Փաշինյանի սուպերվարչապետությունը և քաղաքական վարքագիծը սկսելու է որակել` որպես «հանցավոր ռեժիմ»: Ես նորից դեմ եմ լինելու այդ էպիտետին կամ պնդմանը, քանի որ այն պետք է անցնի իրական արդարադատության մուրճի տակով: Մենք պետք է վերջապես իրավական գիտակցության և մշակույթի ընկալումը գերակայող դարձնենք հեղափոխախառը, էժան, անգրագետ և անպատասխանատու պրոպագանդայի նկատմամբ:

Ավելին, ես տեսնում եմ այն լումպեն-դեմքերին, որոնք առանց սոցիալական արմատների և էթիկայի նորմերի՝ պատրաստ են հիմա անխոհեմ հնազանդվել Գերագույն Գլխավոր Հեղափոխականին (ԳԳՀ-ին), քանի դեռ նա իրական իշխանություն ունի, իսկ գահավիժելուց հետո նրանք վերածվելու են դեստրուկտիվ նեոպոպուլիստների, որոնք այլևս համտեսել են պոպուլիզմի թվացյալ հաջողությունը: Դրա վառ ապացույցը` ոմանց Փաշինյանի քաղաքական վարքի և ստիլիստիկայի անհաջող կապկումն է:

P.S. Նեոպոպուլիստներ չեն լինելու, առավելևս պոպուլիստների անխուսափելի ձախողման դեպքում: Հայաստանում շատ շուտով ամենամեծ և արդարացված քաղաքական պահանջարկը և առաքելությունն ունենալու են պրոֆեսիոնալ և նվիրյալ ռացիոնալիստները իրենց սկզբունքային քաղաքական արժեհամակարգով: Այլ կերպ ասած` գործ անողներն ու այդ արածը չգերարժեվորողները, առավելևս՝ այն ընտրողներին թանկով չվաճառողները: Նրանք չեն ունենալու և մերժելու են որևէ գունային`«սև-սպիտակ», և ժամանակային «նախկին-նոր» պատկանելիություն: Այս «քաղաքական խնոցին» վերջապես թանն ու կարագն իրարից զատելու է։

#Գնում_ենք_առաջ»,- գրել է քաղաքագետը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս