Իշխանության ներկայացուցիչները փորձում են վարկաբեկել մեզ. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմում է քաղաքացիներին և նշում, որ իշխանության ներկայացուցիչները ապատեղեկատվություն են տարածում առ այն, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին:

Դա սուտ է:

Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել 2020 թվականի բյուջեի փաստաթղթին, որի համար մենք ներկայացրել էինք 150 առաջարկ, որի թվում նաև աղետի գոտու վերաբերյալ, և որոնցից որևէ մեկը չի ընդունվել:

Մենք առանձին այդ նախագծին դեմ չենք քվեարկել, որը և փորձում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները և վարկաբեկել մեզ:

Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա: Անբարոյականություն է!

Զոհերի հոգիներին հանգստություն»:

Նշենք, որ ավելի վաղ «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իրենց ընդդիմադիր հռչակած, բայց իրականում ռևանշիստ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են քվեարկել աղետի գոտու վերականգնման համար շուրջ 3 մլրդ դրամ հատկացնելու 2020 ՀՀ պետական բյուջեով նախագծին»: