Քաղաքական թերմացքը՝ Քոչարյանի պաշտպանության առաջամարտիկ 

ԵՐԵՒԱՆ, 8  ԴԵԿՏԵՄԲԵՐ, 24News

Վահան Բաբայան

Միշտ տարօրինակ է եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,  տաս տարի ղեկավարելով Հայաստանը, իսկ դրանից առաջ լինելով Արցախի նախագահ, քաղաքական թիմ չի ունեցել։ Ավելին, նրա կալանավորումից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Քոչարյանի ամենապրոֆեսիոնալ թիմակիցները, որոնք կարողանում են բազմաթիվ ֆրոնտներում կռիվ տալ իր համար,  փաստաբաններն են՝ Ալումյան, Օրբելյան, Վարդևանյան և այլն։ Իսկ քաղաքական դաշտից Ռոբերտ Քոչարյանին միացել են հիմնականում այնպիսի կերպարներ, որոնք իրենք իրենցով կարող են միայն վարկաբեկել նրան, այլ ոչ թե հանրային աջակցություն ապահովել։ Այդպիսի կերպարներից է, օրինակ, հանրահայտ կուսակցափոխ Վահան Բաբայանը, մարդ, որն իր տակավին երիտասարդ տարիներին հասցրել է գրեթե մեկ տասնյակ կուսակցություն փոխել՝ ամեն անգամ ավելի ու ավելի եռանդով նոր «շեֆեր» ման գալու մոլուցք ցուցաբերելով։ Այժմ մոլեռանդ քոչարյանական Բաբայանը դեռևս 2004-2005 թթ-ին բերանը փրփուր առած հայտարարում էր, թե Հայաստանում ստեղծվել է հանցավոր իշխանություն, որի ղեկավարը Քոչարյանն է, իսկ հենասյունն էլ՝ Սերժ Սարգսյանը։ Իհարկե, Վահանն այդ ժամանակ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության երիտթևի անդամ էր, իբր ընդդիմադիր, սակայն կյանքը նրան շատ արագ տարավ դեպի իշխանական վայելքներ, ու նա  անցում կատարեց դեպի այդ օրերին նախագահականի աջակցությունը վայելող Հայաստանի երիտասարդական կուսակցություն, որի ղեկավարն էր Սարգիս Ասատրյանը՝ «Բուրգ» հաղորդաշարի մեկնաբանը։ Իհարկե, Բաբայանը չէր կարող չմնալ իր ամպուլայի մեջ, և որոշեց «քցել» նաև Ասատրյանին, փորեց նրա տակն ու  դարձավ ՀԵԿ-ի նախագահ։ Եվ, քանի որ, «քցողի» հոգեբանությունը շարունակում էր մնալ դոմինանտ սույն երիտասարդի մոտ, Վահանը շարունակեց կուսակցափոխության յուր էպոպեան ու իրեն արդեն 2008-ի ընտրություններից հետո նետեց դեպի Սերժ Սարգսյանի թիմի աջակցությունը վայելող ՄԻԱԿ կուսակցություն՝ փրփուրը բերանին հայտարարելով «երրորդ սերնդի հեղափոխության» անհրաժեշտության մասին։ Սակայն, չար լեզուներն ասում են, որ հասկանալով ՄԻԱԿ-ով պաշտոն ստանալու անհեռանկարությունը, այս նույն երիտասարդը շարունակեց դեգերումները հայ քաղաքական դաշտի  անդաստանում՝ կրկին քցելով յուր շեֆերին, հայտնվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ու դառնալով այդ քաղաքական թիմի ցուցակով պատգամավոր։ Երբ 2015 թ-ին Սերժ Սարգսյանը հեռացրեց քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանին, Բաբայանը որոշեց քցել նաև այդ օրվա իր շեֆին ու սահուն իրեն դրեց ՀՀԿ-ի հովանավորության տակ՝ հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանն իրեն համամասնական ցուցակով պատգամավոր կդարձնի։ Բայց, ինչպես ասում են, не тут-то было, ու սույն գերսկզբունքային անձնավորությունը դարձավ քաղաքական դաշտի «որբ», որին ոչ ոք ոչ մի պարագայում չէր ցանկանում որդեգրել։ Բայց Վահանի բախտից Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց, և «Կոտոշներ ու սմբակներ» գրասենյակը՝ այս անգամ «Ռեֆորմիստներ» կուսակցության տեսքով, շարունակեց աշխատելը։ 

Իհարկե, որ Վահանը կքցի նաև Քոչարյանին՝ հարց չկա, այդպես էլ լինելու է, բայց դե նաև պետք է փաստել, որ այսպիսի կերպարները միայն և միայն վնաս են երկրորդ նախագահին, որն առանց այդ էլ վարկանիշի մեծագույն խնդիր ունի։ Վերջը, դժվար է քաղաքական ռեաբիլիտացիա ապրել, երբ քո առաջամարտիկը քաղաքական դաշտի թերմացքն է։ 

Սուրեն Կամսարական