ՀՀ-ն շահագրգիռ է Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Դեկտեմբերի 9-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին:Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հանդիսանալով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահը՝ մեծապես կարևորում եմ Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում մեր երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները:

Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն։ Դրանք դիտարկվում են որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով, հատկապես, եթե դիտարկում ենք ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությունը: Այս համատեքստում՝ անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը մեր երկրում ունի կենսական նշանակություն։ Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու:

Կուզենայի նշել, որ մեր երկու կառավարությունների արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրերն անցնում են պատմական ընդհանուր ժառանգության, գրեթե նույն մարտահրավերների, ինչպես նաև համընդհանուր գլոբալ միտումների ճանապարհներով։ Հետևաբար, կարծում եմ, որ հայ-վրացական ոլորտային համագործակցությունն ու շփումները երկուստեք հաջողելու լավ բանաձևեր են։

Վստահ եմ, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռնում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում: Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել մյուս ոլորտների համար ևս։

Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գործադրելու հնարավոր ջանքերը Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Այս համատեքստում, մեծապես արժևորում եմ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համակողմանի կապերի հաստատումը, որը հնարավորություն կընձեռի ապահովել օրենքի գերակայությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ:
Համոզված եմ, որ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար տիկին Ցուլուկիանիի այցի ընթացքում կուրվագծվեն համագործակցության նոր ուղղություններ՝ ի շահ և ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»։